Поиск по сайту Поиск в интернете
 
 
 
 
   
« Նախորդ   1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10   Հաջորդ »   Նորություններ 1 20-ից: Ընդամենը 182
   
#2222 25--2009
Հակահամաճարակային իրավիճակը Հայաստանում վերահսկելի է
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Ուժեղացվել են աշխատանքները H1 N1 վիրուսային վարակի կանխարգելման ուղղությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում արձանագրվել է համաճարակային գրիպի մոտ 300 հազար դեպք, որոնցից 3500–ը ունեցել է մահացու ելք։ Համաճարակային դեպքեր գրանցվել են նաեւ մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Ադրբեջանում, Վրաստանում եւ Իրանում։ Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ ՀՀ–ում դեռեւս ապրիլ ամսից, ԱՀԿ խորհրդատվությամբ, ՀՀ կառավարության կողմից ուժեղացվել են աշխատանքները վիրուսային վարակի կանխարգելման նկատմամբ։
Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, ԱՀԿ կոորդինատոր Լիաննա Թորոսյանը, ապրիլ ամսից առողջապահության նախարարությունում ձեւավորվել է շտաբ, որի միջոցով համակարգվում են գործընթացի բոլոր աշխատանքները։ Սահմանային անցումային կետերում ուժեղացվել է ուղեւորների նկատմամբ հսկողությունը։ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն տեղադրվել է երկու ջերմացույց, որոնց օգնությամբ հնարավորություն է ստեղծվել ջերմող ուղեւորներին ֆիքսել հեռավորությունից։ Մինչեւ օրս սարքի միջոցով հայտնաբերվել է 6 ջերմող անձ, որոնցից կասկածելիները մեկուսացվել եւ տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Նրանց նկատմամբ լաբորատոր հետազոտություն է իրականացվել եւ նշանակվել է համապատասխան ախտանիշային բուժում։
Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետի հավաստիացմամբ, հանրապետությունում առկա է վիրուսային պատրաստուկի՝ «Տամիֆլյու»–ի անհրաժեշտ պաշար, որը տրամադրված է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նաեւ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոններին՝ ապահովելու կասկածելի հիվանդների անհրաժեշտ բուժումը։ Առկա է նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների, այդ թվում նաեւ ախտահանիչ նյութերի եւ սարքերի պաշար, որը օրեցօր համալրվում է։ Այս գործընթացը ապահովելու համար նախարարությունը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ։
«Նախարարության պատվիրակությունը համապատասխան մասնագետների կազմով մասնակցել է միջազգային խորհրդաժողովների, որոնց արդյունքում եղել են նոր առաջարկներ ու մոտեցումներ։ Ներկայացվել է մի շարք երկրների փորձը, որոնք ուսումնասիրելով եւ վերլուծելով՝ եկել ենք այն եզրահանգման, որ Հայաստանում գրիպի H1N1 վիրուսային վարակի բոլոր միջոցառումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին»,–նշեց Լ. Թորոսյանը՝ հավելելով, որ փոփոխվել է գրիպի հակահամաճարակային ողջ վերահսկողության համակարգը։ Բուժկանխարգելիչ կազմակերպություններ դիմած՝ գրիպանման երեւույթներով անձանցից կատարվելու է նմուշառում եւ որոշվելու է գրիպի ենթատեսակը, ինչը հնարավորություն կտա պարզելու, թե հանրապետությունում այս սեզոնի ընթացքում գրիպի որ հարուցիչն է շրջանառվում։ Հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում ուժեղացվել է վերահսկողությունը նաեւ սուր շնչառական վիրուսային հիվանդությունների նկատմամբ։
Իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ, որի տվյալները հայտնվում են պետական հիգիենիկ հակահամաճարակային տարածքային կենտրոններում։
Արդեն այդ վիրուսային վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութի սինթեզման աշխատանքները մոտեցել են ավարտին։ Նախարարությունը դիմել է ԱՀԿ–ին եւ ՌԴ համապատասխան գերատեսչություններին՝ այդ պատվաստանյութը Հայաստան ներկրելու համար։ «Եթե տրամադրվող պատվաստանյութի քանակը չբավարարի հիվանդներին, ապա երկիրը միջոցներ կձեռնարկի հավելյալ պատվաստանյութ ձեռք բերելու համար»,–ասաց Լիաննա Թորոսյանը։
Հանրության կողմից շրջանառվող այն կասկածները, թե խոզի գրիպի վիրուսային վարակի դեպքեր արձանագրվել են նաեւ Հայաստանում, Լիաննա Թորոսյանը հերքեց՝ հավելելով, որ իրավիճակի վերլուծությունները նման փաստ չեն արձանագրել։
«Խոզի գրիպը սեզոնային գրիպից առանձնահատուկ ախտանշաններով չի առանձնանում, բայց եղած հիվանդների հետազոտությունները՝ թե կլինիկական, թե լաբորատոր, այսօր նման արդյունքի չեն հանգեցրել»,–հավաստիացրեց տկն Թորոսյանը։

Աղբյուրը:   hhpress.am
#2216 24--2009
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ H1N1-ԳՐԻՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆՑՎԵԼՈՒ ԵՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

«ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության համապատասպան գերատեսչություններն, որպեսզի առաջին հնարավորւթյան դեպքում երկիր ներկրվի H1N1 վիրուսային վարակի պատվաստանյութ»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը:

Նա նշեց, որ այդ պատվաստումները իրականցվելու են խոցելի խմբերի շրջանում` դրանք են առաջնային օղակի բուժաշխատողները, շտապօգնության ծառայության աշխատակիցները, հղի կանայք, ինչպես նաև` խրոնիկ հիվանդություններով տառապող անձիք: Այժմ որոշվում է խոցելի խմբերի թվային քանակը:

Լիաննա Թորոսյանը վստահեցրեց, որ եթե տրամադրած պատվաստանյութը չբավարարի եղած խոցելի խմբերին, ապա երկիրը միջոցներ կձեռնարկի հավելյալ պատվաստանյութ գնելու համար: Նա նշեց, որ ԱՄՆ-ում և Չինաստանում արդեն պատվաստումները սկսված են, իսկ Ռուսաստանում դեռ պատվաստումների փորձարկումներ են իրականցվում:

Աղբյուրը:   panorama.am
#2213 24--2009
Հայաստան է ներկրվելու AH1N1 վարակի կանխարգելիչ պատվաստանյութ

Վարակային վիրուսի կանխարգելման նպատակով պատվաստանյութի սինթեզման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։

«Նախարարությունն արդեն դիմել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը և Ռուսաստանի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի առաջին իսկ հարմար պահին այդ պատվաստանյութը ներկրվի Հայաստան»,- նշել է Թորոսյանը։

Փորձագետը նաև տեղեկացրել է, որ պատվաստանյութի ներկրման պահից ի վեր երկրում անցկացվելու է ներարկում որպես կանխարգելիչ միջոցառում։ Թորոսյանի խոսքով՝ արդեն ընտրվել են հասարակության ամենախոցելի խմբերը՝ առաջին օղակի բժիշկները և շտապ օգնության ծառայությունները, ինչպես նաև հղի կանայք։

Թորոսյանը նաև ներկայացրել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության որոշ տվյալներ։ Այսպես, սեպտեմբերի 18-ի դրությամբ աշխարհում գրանցվել է խոզի գրիպի վարակման 300 հազ. դեպք. վարակվածներից 3500-ը մահացել են։ Թորոսյանը նաև բացատրել է, որ մահացության դեպքերը գրանցվել են շնչուղիների խրոնիկ հիվանդությունների տեր մարդկանց մոտ։
Խոսելով Հայաստանի իրավիճակի և վարակի կանխարգելման մեթոդների մասին՝ փորձագետը նշել է, որ երկիրը պատրաստ է գրիպի դեմ պայքարի։ Վարակի տարածման կանխարգելման միջոցառումների շարքից Թորոսյանը, մասնավորապես, առանձնացրել է «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված հատուկ սարքավորումները, որոնք որոշում են մարդու ջերմաստիճանը։

Այսպիսով, մինչ այժմ բացահայտվել է արտերկրից ժամանող հայերի մոտ ջերմաստիճանի բարձրացման 6 դեպք։ Այդ մարդկանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրանք անցել են ամբողջական բուժզննում։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ AH1N1 վարակն ավելի հեշտ է տանել, քան սեզոնային գրիպը։

Աղբյուրը:   tert.am
#2212 24--2009
Ապագայում մարդու ուղեղի պարունակության մի մասը հնարավոր կլինի տեղափոխել համակարգչի մեջ

Բրիտանացի հայտնի գիտնական, արհեստական ինտելեկտի մասնագետ Բրյուս Կաթցը հայտարարել է, որ աշխարհը կանգնած է նեյրո-հեղափոխության շեմին, հարղոդում է newsru.com-ը:

Կաթցի խոսքերով` մոտ ապագայում ի հայտ կգան նոր սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի արագացնել մտավոր գործընթացը, ինչպես նաև ուղեղի պարունակության մի մասը տեղափոխել համակարգչի մեջ:

Գիտնականը կարծում է, որ նոր տեխնալոգիաները հնարավորություն կտան ամբողջությամբ ազատվել մարդկային ուղեղի ներկայիս սահմանափակումներից` առանց որևէ դժվարությունների արհեստական ճանապարհով հանճարեղ մտածողությամբ ուղեղներ ստեղծելով:

Աղբյուրը:   tert.am
#2200 24--2009
Ալկոհոլի ազդեցությունը նյարդային համակարգի վրա

Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մարդու օրգանիզմում չկա մի այնպիսի օրգան, որը չտուժի ալկոհոլից:

Նյարդային համակարգն ալկոհոլի հանդեպ խիստ զգայուն է: Եթե ալկոհոլի խտությունն արյան մեջ ընդունենք 1 միավոր, ապա լյարդում այն կկազմի` 1.45, ողնուղեղում` 1.50, իսկ ուղեղում` 1.75 միավոր:

Ալկոհոլի մշտական գործածության դեպքում առաջանում են քնի, ախորժակի, ծայրանդամների ֆունկցիայի խանգարումներ (պարեզներ, պարալիզներ), ցնցումային նոպաներ, ուղեղի թաղանթների գրգռման երեւույթներ, քայլվածքի շեղումներ: Ընդ որում` նյարդային համակարգի խանգարումները կրում են ոչ թե բորբոքային, այլ դեգեներատիվ-դեստրուկտիվ բնույթ եւ արտահայտվում են էնցեֆալոպաթիաների, պոլինեւրոպաթիաների ձեւով:

Ալկոհոլային ծագման պոլինեւրոպաթիաների ժամանակ առաջին հերթին տուժում են մեծ եւ փոքր ոլոքային նյարդերի ֆունկցիաները: Դրանցից առաջինի բորբոքումների ժամանակ նկատվում է ոտնաթաթի ներբանի եւ մատների ծալման ֆունկցիաների անբավարարություն, ոտնաթաթը թուլանում է, կախվում, թեքվում դեպի ներս:

Փոքր ոլոքային բորբոքումների դեպքում ոտնաթաթը եւ ոտքի մատները ծալվում են դեպի վեր: Որպեսզի քայլելիս հիվանդը ոտքի մատները հատակին չխփի, ստիպված քայլում է ոտնաթաթը չափից ավելի բարձրացնելով` «աքլորի քայլվածքով»: Ոտնաթաթերի ֆունկցիաների երկկողմանի խանգարման ժամանակ հիվանդը սկսում է քայլել ձիու նման:

Այս դեպքում սրունքների եւ ոտնաթաթերի մկանների տոնուսն ընկնում է, հոդերի շարժումները դառնում են պասիվ: Սրունքների, ոտնաթաթերի մաշկի ցավի ու ջերմության զգացողությունը թուլանում է:

Պոլինեւրոպաթիայի դեպքում սկսվում են ձեռքերի ու ոտքերի ցավեր, մկանների ցնցումային ջղաձգումներ: Հաճախ ցավի զգացումը պահպանվում է, իսկ ջերմազգացողությունը` խանգարվում, եւ ընդհակառակը: Ոչ հազվադեպ շարժողական ու զգայական խանգարումները զուգակցվում են անոթային-վեգետատիվ բնույթի մի շարք այլ խանգարումներով (շատ քրտնարտադրություն, մրսելու զգացում եւ այլն): Ախտահարվում են հիմնականում ողնուղեղային, երբեմն էլ` գանգուղեղային նյարդերը:

Տեսողական նյարդի բորբոքումների ժամանակ տեսողությունը վատանում է, տեսադաշտը` նեղանում:

Ալկոհոլային ծագման նյարդային խանգարումներից է նաեւ Գայե-Վերնիկեի ալկոհոլային էնցեֆալոպաթիան, որի ժամանակ քայլվածքը փոխվում է, գիտակցությունը` մթագնում, տեսողական ապարատի ֆունկցիան` խանգարվում: Հիվանդությունը երբեմն սկսվում է ցնցումային-ջղաձգումային նոպաներով: Առաջանում է շլություն կամ ակնագնդերի լրիվ անշարժություն, բբերը նեղանում են, ակնակոպերը` այտուցվում եւ իջնում: Մկանների տոնուսն ընկնում կամ բարձրանում է: Հիվանդի խոսակցականը դառնում է անհասկանալի, առաջանում են տեսողական եւ լսողական ցնորքներ, հիշողության խորը խանգարումներ, տկարամտության երեւույթներ, եւ հիվանդը կարող է նույնիսկ մահանալ:

Ուղեղային ատաքսիա կոչվող հիվանդությունը սկսվում է երկար ժամանակ ալկոհոլ օգտագործելուց կամ ալկոհոլային սուր թունավորումներից եւ, այսպես կոչված` ալկոհոլային բնույթի գիտակցության խանգարման երեւույթներն անցնելուց հետո: Այս հիվանդության ժամանակ շարժումների կոորդինացիան խանգարվում է: Հիվանդները քայլում են անվստահ, լայն բացված ոտքերով, օրորվելով: Այդ երեւույթներն ավելի ցայտուն են դառնում քայլելու ժամանակ կտրուկ շրջադարձեր կատարելիս կամ շարժման ուղղությունը փոխելիս:

Վերը նշված օրգանական փոփոխությունները վերանում են, երբ հիվանդը դադարեցնում է ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Հակառակ դեպքում, հիվանդությունը դառնում է քրոնիկական եւ դժվարությամբ է բուժվում:

Մատների դողի (տրեմոր) ժամանակ վերին վերջույթների մկանների ուժը թուլանում է: Դողն ուժեղանում է, երբ ցանկանում են ձեռքերը հորիզոնական վիճակում անշարժ պահել: Ալկոհոլ քիչ օգտագործելու դեպքում դողը պակասում է, սակայն չարաշահելու հետեւանքով սկսվում է ձեռքերի, կոպերի գլխի, ներքին վերջույթների մկանների դող:

Քրոնիկական ալկոհոլային թունավորումը դառնում է վեգետատիվ-անոթային նյարդաէնդոկրինային, նյարդասնուցողական բնույթի մի շարք խանգարումների պատճառ: Սկզբնական շրջանում ալկոհոլի ազդեցության տակ սրտի զարկերն արագանում են, զարկերակային ճնշումը` բարձրանում, իսկ հետագայում զարկերը դանդաղում են, արյան ճնշումը` իջնում, ներքին օրգանների ֆունկցիաները` ընկճվում: Սկսվում են տեւական բնույթի գլխացավեր, դող, գլխապտույտներ, սրտխառնոց եւ այլն: Հաճախ սեռական ֆունկցիան թուլանում է, մակերիկամների, վահանագեղձի եւ մի շարք այլ գեղձերի ֆունկցիաները` խանգարվում:

Ալկոհոլային ախորժակազրկության (անորեքսիա) դեպքում սկզբնական շրջանում կենտրոնական նյարդային համակարգի ախորժակի կենտրոնը գրգռվում է, եւ մարդիկ դառնում են շատակեր: Հետագայում ախորժակը լավանում է միայն ալկոհոլ օգտագործելիս, իսկ ավելի ուշ այն բացակայում է:

Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում նաեւ քնի վրա: Սկզբնական շրջանում մարդը կարողանում է քնել միայն այն օգտագործելուց հետո: Հետագայում քունն ավելի է խանգարվում, դառնում ոչ տեւական: Հիվանդը հաճախ մղձավանջային երազների պատճառով արթնանում է: Ալկոհոլի տեւական ազդեցության հետեւանքով ուղեղի անոթների պատերի թափանցելիությունը բարձրանում է, լյարդի ֆունկցիան, հետեւաբար` նյութափոխանակության ողջ ֆունկցիան խանգարվում է եւ սկսում է զարգանալ հիպերտոնիկ հիվանդություն, ուղեղի անոթների աթերոսկլերոզ:

Եթե նկատի ունենանք, որ մարդու ներքին օրգանների եւ հոգեկան պրոցեսների նորմալ աշխատանքը պայմանավորված է նրա նյարդային համակարգի նորմալ ֆիզիոլոգիական վիճակով, ապա պարզ կդառնա, որ այդ համակարգի աններդաշնակ եւ հիվանդագին վիճակն էլ հենց նրա հոգեկան ոլորտի խանգարումների միակ պատճառն է: Իզուր չի ասվում`«առողջ մարմնում` առողջ հոգի»:

Աղբյուրը:   168.am
#2199 24--2009
Կրծքագեղձի խնամքը հղիության եւ հետծննդյան շրջանում
Ինչպես հղիության նորմալ ընթացքը, այնպես էլ՝ ծննդաբերության հաջող ելքը մեծ մասամբ կախված են կնոջից: Կոնսուլտացիա հաճախելու եւ բժշկի խորհուրդները կատարելու դեպքում կարելի է կանխել այն բարդությունները, որոնք երբեմն առաջանում են հղիության եւ հետծննդյան շրջանում: Օրնակ` պտուկները ճաքելուց եւ մաստիտից խուսափելու համար կարելի է կատարել ընդամենը մի քանի հասարակ խորհուրդներ. հղիության ժամանակ պետք է այնպիսի կրծկալ հագնել, որ կուրծքը չսեղմվի: Խորհուրդ է տրվում բարձրացնող ու ներքեւից պահող, կոշտ կտորից կարված կրծկալ հագնել (պտուկները կոշտանում են եւ հետագայում չեն ճաքում): Երբեմն հղի կնոջ կրծքի չորացած խեժից գոյանում են կեղեւիկներ, որոնք առանց թրջելու չի կարելի պոկել: Կրծքի վրա պետք է դնել գլիցերինով թրջված թանզիֆի կտոր եւ հետո միայն հեռացնել փափկած կեղեւիկները: Անհրաժեշտ է կրծքերն ամեն օր լվանալ օճառով ու գոլ ջրով: Lավ մաքրելուց հետո չորացնել կոշտ սրբիչով:
Աղբյուրը:   168.am
#2190 24--2009
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ H1N1 ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴ ՉԿԱ՞

«Համաճարակային իրավիճակը H1N1 գրիպի տարածման առումով շարունակում է մնալ լարված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լինա Թորոսյանը:

Նա նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սեպտեմբերի 18-ի տվյալների համաձայն ամբողջ աշխարհում արձանագրված է H1N1 գրիպով վարակված մոտ 300 հազար դեպք, որոնցից 3500-ը մահացու ելք են ունցել: Համաճարակային իրավիճակը լարված է նաև տարածաշրջանում:

«Խոզի» գրիպի դեպքեր են արձանագրվել Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, ինչպես նաև Իրանում:

Նրա տեղեկացմամբ, ինչպես մյուս երկրներում, այնպես էլ մեր երկրում ընթացիկ տարվա ապրիլ ամսից առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ ձևավորվել է շտաբ:

Այն իրականցնում է իրավիճակային վերլուծություն, պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում նախարարությանը` հիվանդության կանխարգելման աշխատանքների վերաբերյալ:

Լ. Թորոսանը նաև հայտնեց, որ ուժեղացվել է հսկողությունը ուղևորների նկատմամբ պետական սահմանային անցումային կետերում և «Զվարթնոց» ու «Շիրակ» օդանավակայաններում:

Նրա տեղեկացմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում արդեն տեղադրված է երկու ջերմացույց, որոնց միջոցով հնարավոր է ջերմող մարդկանց հեռավորության վրա ֆիքսելու:

Ապրիլ ամսից մինչ այսօր այս սարքերի միջոցով հայտնաբերվել են 6 ջերմող անձ, որոնք Հայաստան են եկել այն երկրներից, որտեղ «խոզի» գիրպը լայն տարածում է ունեցել:

«Այդ հիվանդները մեկուսացվել են և տեղափոխվել են Նորքի ինֆեկցոին հինադանոց, որտեղ նրանց նկատմամբ լաբորատոր հետազոտություն է իրականացվել, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանցից ոչ մեկը հիվանդ չէ H1N1 գրիպով: Այդ 6 հոգու նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվել. նրանք ստացել են համապատասխան ախտանշանային բուժում»,- հավելեց Լ. Թորոսյանը:

Մասնագետը նաև հայտարարեց, որ բարեբախտաբար այսօր Հայաստանում դեռ H1N1 գրիպով վարակված հիվանդ չի գրանցվել:

Աղբյուրը:   panorama.am
#2185 24--2009
Մարզերում շարունակվում է բժիշկների վերապատրաստումը

Դասընթացներին արդեն մասնակցել է 155 բժիշկ
Արդեն 4 տարի է, ինչ հայ օգնության ֆոնդը՝ ՀՕՖ—ը, իրականացնում է մարզաբնակ բժիշկների վերապատրաստում՝ դասընթացներ կազմակերպելով Երեւանի առաջատար կլինիկաներում։ Յուրաքանչյուր ամիս դասընթացներին մասնակցում է տարբեր մասնագիտացում ունեցող 4 բժիշկ։ Նշենք, որ ծրագիրը առողջապահության նախարարության կողմից ընդունվել եւ հաստատվել է 2006թ., եւ առ այսօր ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են 155 բժիշկներ ՀՀ տարբեր մարզերից։
Երեկ կազմակերպված մեկօրյա սեմինարի շրջանակներում վերապատրաստված բոլոր բժիշկները հնարավորություն ունեցան ամփոփել վերապատրաստման արդյունքները եւ մասնակցել առողջապահական հրատապ թեմաներով դասախոսություններին։ Կազմակերպիչների տեղեկացմամբ, այս հավաքը շատ կարեւոր է հատկապես հեռավոր մարզերի մասնագետների համար, ովքեր ունեն ինֆորմացիայի փոխանակման եւ ինտերնետի հասանելիության խնդիր։ «Ծրագիրը ուղղված է մարզերի կլինիկաներում աշխատող բժիշկների կրթմանը եւ այդ կլինիկաներին բժշկական սարքավորումների տրամադրման գործընթացին։ Բացի այդ, ծրագրի կարեւոր տարրերից է նաեւ մարզերի բնակիչների մտածողության մեջ փոփոխություն մտցնելը։ Մարզային բժիշկների մատուցած ծառայությունների 1 կամ 2 անարդյունավետ նախադեպ ունենալը ժողովրդի մեջ մտավախություն եւ անվստահություն է առաջացնում նրանց աշխատանքի նկատմամբ։ Ուստի մեր նպատակն է հեռավոր մարզերում բժշկական կլինիկաները բարձր որակավորում ունեցող կադրերով զինելը եւ բժշկական սարքավորումներ տրամադրելը, որոնք շատ կարեւոր են որակյալ եւ արդյունավետ բժշկական ծառայություն մատուցելու համար»,–ասաց ՀՕՖ–ի բժշկական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ գործընթացը թույլ կտա մարզի բնակիչներին բժշկական ծառայություն ստանալ հենց տեղում եւ մարդկանց հոսքն ուղղել դեպի շրջաններ։
Վերապատրաստման տեւողությունը 4 շաբաթ է, իսկ դասավանդողները ՀՕՖ —ի կողմից ԱՄՆ–ում վերապատրաստված բժիշկներ են, որոնք աշխատում են առաջատար կլինիկաներում։ «Մարդիկ կամավոր ցանկություն են հայտնել իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել իրենց մարզաբնակ գործընկերներին՝ գիտակցելով դրա անհրաժեշտությունը հեռավոր մարզերում»,–հավելեց ծրագրի ղեկավարը։ Վերապատրաստվում են այն բժիշկները, որոնք երիտասարդ են, ավելի գործնական, ակտիվ իրենց գործունեության մեջ, տեղեկացրեց Համբարձում Սիմոնյանը՝ ասելով, որ ծրագիրը լինելու է շարունակական։
Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Գեւորգ Ղայջյանի տեղեկացմամբ, իրենց բուհը ակտիվորեն զարգացնում է շարունակական բժշկության կրթության բաղադրիչը, եւ ուրախ է, որ հմուտ բժիշկների նոր բանակ է հավաքվել, որոնց հետ իրենք աշխատելու են նաեւ մարզերում։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Աղբյուրը:   hhpress.am
#2183 24--2009
Հալվում են Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցները
Բրիտանացի գիտնականներն անհանգստացած են Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների հալոցքի արագությամբ: Նրանք պարզել են, որ հալոցքը հատկապես արագ է այն տարածքում, որտեղով անցնում են օվկիանոսային տաք հոսանքները:
Մասնագետները նշում են, որ այսպիսի արագությունը կարող է վտանգավոր լինել Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման տեսանկյունից, հաղորդում է BBC-ն:
Աղբյուրը:   yerevaklur.am
#2173 23--2009
Էկոլոգիական գագաթաժողով. ` ինչպե՞ս փրկել մոլորակը

Նախօրեին Նյու-Յորքում փորձել են պատասխանել մի հարցի` ինչպե՞ս փրկել մոլորակը: Այնտեղ կայացել է էկոլոգիական գագաթաժողով, որին մասնակցում էին տասնյակ պետությունների առաջին դեմքեր: Այս մասին հաղորդում է Վեստին:
Գագաթաժողովի մասնակիցներին թվելով հեշտորեն կարելի է կազմել մոլորակի էկոլոգիական քարտեզը: Առաջին դեմքերով ներկայացված էին այն երկրները, որոնք առավել շատ են աղտոտում մթնոլորտը և նրանք, որոնք առավել շատ են տառապում կլիմայի փոփոխություններից:

Աշխարհում աղտոտելու ծավալներով Չինաստանին հավասարը չկա, թեև ՉԺՀ միայն այս տարի է այդ ոչ նախանձելի առաջնությունը գրավել ԱՄՆ-ից: Չինական առաջնորդ Խու Ձինտաուն խոստացել է շտկել իրավիճակը. «Մենք կաշխատենք զգալիորեն կրճատել ածխաթթու գազի արտանետումները 2020 թ-ին: Մենք նաև լրջորեն կզբաղվենք էներգիայի վերականգնվող աղբյուրների և միջուկային էներգետիկայի զարգացմամբ ու ժամանակակից վառելիքի օգտագործումը կավելացնենք մինչև 15 %»:

Համաշխարհային կոնցեպցիան, որը պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությունը, պետք է ընդունվի դեկտեմբերին Կոպենհագենում, սակայն բանակցությունները տեղից չեն շարժվում: Արտանետումները կրճատել չի շտապում, օրինակ, Վաշինգտոնը: Բարաք Օբամայի վարչակազմը, թեև ընդունում է կլիմայի խնդիրների ողջ լրջությունը, սակայն ճգնաժամի պայմաններում առաջնահերթ է համարում տնտեսության վերականգնումը: Աննախադեպ ջրհեղեղներ են ԱՄՆ-ում, Մալդիվում, Բանգլադեշում, որն ընդհանրապես 50 տարուց կարող է ամբողջովին ջրի տակն անցնել:

Սառցադաշտերը հալչում են ավելի արագ, քան մթնոլորտն աղտոտող երկրների առաջնորդները միջոցներ են ձեռնարկում: Նրանք մտավախություն ունեն, որ կլիմայի մասին հոգածությունը կդանդաղեցնի տնտեսության աճը: Ի դեպ, դրա վիճակն, արդեն այլ ֆորմատով, կքննարկեն G20-ի առաջնորդները հինգշաբթի և ուրբաթ Պիտսբուրգում:

Նյու-Յորքում քաղաքական կլիման այս շաբաթ որոշում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: Այդ պատճառով էլ անդադար լսվում են ցուցարարների բացականչությունները, իսկ «առաջին ավենյուի» հայտնի շենքը վերածվել է ամրոցի: Ավելի քան 120 պետությունների ղեկավարներ մասնակցում են այսօր մեկնարկող համաքաղաքական քննարկումներին:

Աղբյուրը:   aysor.am
#2172 23--2009
ԿԱՆԱՆՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԵՆ ՕԴԱՆԱՎՈՎ ԹՌՉԵԼ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ

Հղի կանայք կարող են անվտանգ ճանապարհորդել օդային տրանսպորտով հղիության ցանկացած ժամկետում, եթե, իհարկե, հղիությունն ընթանում է առանց բարդությունների: Նման եզրահանգման է եկել «Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջ» կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը, տեղեկացնում է «Լենտա.ռու»-ն:

Մասաչուսեթսի քաղաքային հիվանդանոցի թերապևտ Վիլյամ Բարտն ասել է, որ 2001-ին անցկացված մի շարք ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ օդանավով ճանապարհորդությունը անվտանգ է նորմալ հղիություն տանող կնոջ համար:

Վերոնշյալ կազմակերպության մասնագետները ապագա մայրերին հիշեցնում են, որ նրանք պարտավոր են պահպանել անվտանգության ընդհանուր նորմերը, որոնք նախատեսված են բոլոր ուղևորների համար: Այդ թվում, երակներում արյան խցանումից խուսափելու համար մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս շարժել ոտքերը, հագնել լայն զգեստ, շատ հեղուկ խմել, ինչպես նաև կանգնել և քայլել օդանավի սրահի երկայնքով:

Աղբյուրը:   panorama.am
#2171 23--2009
Ա ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ ՀԱՅՋՈՂՎԵԼ Է

Աշխարհում առաջինը Ա գրիպի դեմ պատվաստված պեկինցի ուսանողների առողջական վիճակը լավ է: Դա վկայում է պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների բացակայության մասին: Այս մասին հայտնել է «Չայնա դեյլի»-ն` հղում տալով կառավարության ներկայացուցիչներին:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Պեկինի հիվանդությունների վերահսկման վարչության ղեկավար Չժաո Տաոն հաստատել է, որ պատվաստումը շատ լավ է անցել և «դեռևս չեն գրանցվել որևէ բարդ կամ աննորմալ ռեակցիաներ»:

Աղբյուրը:   panorama.am
#2137 22--2009
Ա գրիպի զոհ է դարձել 3486 մարդ
Աշխարհում Ա գրիպից արդեն մահացել է առնվազն 3486 մարդ, Առողջապահության համաշխարհայինկազմակերպության տվյալներով/ԱՀԿ/ նրանցից 2625-ը ԱՄՆ բնակիչներ են:
Անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է հիվանդության 281 նոր դեպք՝ մահացու ելքով: Ընդհանուր առմամբ վարակակիր են համարվում մոլորակի արդեն 296 հազար բնակիչներ:
Աղբյուրը:   yerevaklur.am
#2136 22--2009
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ 960 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿ

Հանրապետությունում 1999 թվականից մինչև այս տարի աշխատում է մասնագիտացում անցած 960 ընտանեկան բժիշկ և 988 բուժքույր: Այս մասին Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը:

Այժմ, նրա խոսքով, մասնագիտացման դասընթացներ` վերապատրաստում է անցնում 226 բժիշկ, որոնցից 113-ը մասնագիտացման դասընթացները կավարտեն այս ամսվա վերջին, իսկ 113-ը` փետրվարին:
Ինչպես նշեց Ռ. Յուզբաշյանը, բժիշկների ու բուժքույրերի վերապատրաստման աշխատանքներն իրականացվում են պետպատվերի շրջանակներում: Իսկ դրանք իրականացվում են Բժշկական համալսարանի ու Ազգային ինստիտուտի ընտանեկան բժիշկների ամբիոններում:

Ռ. Յուզբաշյանը վստահեցնում է, որ մասնագիտացում ստացած բժիշկների մեծ մասը` շուրջ 70%-ը մարզերից են, իսկ մյուս 30%-ը` միայն մայրաքաղաքից:

«Տարվա սկզբի տվյալների համաձայն, ընտանեկան բժիշկների ընտրության հարցում ամենից շատ ակտիվություն ցուցաբերել են Արմավիրի մարզում` 85,08%, իսկ պասիվություն է նկատվել առավելապես Գեղարքունիքի մարզում` 47,75%:

Պատճառը ստույգ չի կարելի նշել, պարզապես կարելի է դա կապել բնակչության տեղեկացվածության պակասի հետ»,-ասաց առաջնային բուժօգնության բաժնի պետը:
Նշենք, որ 2008-ին Հանրապետությունում կային 844 ընտանեկան բժիշկներ: Բաժնի պետի հավաստմամբ, յուրաքանչյուր 18 տարեկանից բարձր բնակչի համար ընտանեկան բժիշկը ստանում է 38.8 դրամ, իսկ մինչև 18 տարեկան բնակչի համար` 77 դրամ: Ըստ նրա, 2000 բնակչի համար (դա օպտիմալ թվաքանակն է), որից 1300-ը մեծահասակ են, ընտանեկան բժշկի ամսեկան բազային աշխատավարձը կկազմի ընդհանուր առմամբ 103.950 դրամ:


Բացի այդ, հարկ է նշել, որ ընտանեկան բժիշկը լրացուցիչ վարձատրվում է նաև նեղ մասնագիտական ծառայությունների իրականացման (իր պաշտոնի նկարագրի սահմաններում) և ռուտինային լաբորատոր ախտորոշիչ հետազոտություների համար:

Այսպիսով, 2000 բնակիչ սպասարկող ընտանեկան բժշկի միջին ամսեկան աշխատավարձը կարող է կազմել 120 000-ից 130 000 դրամ:
Հիշեցնենք, որ 2008 թվականին վերապատրաստվել են ևս 150 ընտանեկան բժիշկ ու նույնքան էլ բուժքույր:

Աղբյուրը:   panorama.am
#2122 21--2009
Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպից առաջին մահվան դեպքը

Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լվովիի` «Россия» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, հաղորդում են, որ Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպից առաջին մահվան դեպքը:

Լվովի խոսքերով` խոզի գրիպի զոհ է դարձել բժշկուհի, ով վերջերս էր վերադարձել Բուլղարիայից: Հիվանդի վիճակը երկու շաբաթ շարունակ վատանում էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Մահվանից ընդամենը մեկ շաբաթ առաջ հիվանդի անալիզները փոխանցել էին Համաճարակաբանության ինստիտուտի մասնագետներին, որտեղ էլ հաստատվել էր «խոզի գրիպ» ախտորոշումը:

«Մենք ի վիճակի չէինք որևէ միջոց ձեռնարկել, քանի որ նա հաջորդ օրը մահացավ»,- ասել է Լվովը:

Չնշելով հիվանդի մահվան կոնկրետ օրը`Լվովը տեղեկացրել է, որ դա տեղի է ունեցել մոտ երեք շաբաթ առաջ:

Աղբյուրը:   tert.am
#2111 19--2009
Երազներն այցելում են խելացի մարդկանց

Ամերիկացի գիտնականները, ովքեր զբաղվում են երազների ուսումնասիրությամբ, եկել են շատ հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ երազներ տեսնում են միայն խելացի մարդիկ: Այսպիսի եզրակացություն կատարվել է ավելի քան 2000 հարցումների արդյունքում:

Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարցվածների մեծամասնությունը կամ երազներ չի տեսնում կամ չի հիշում դրանք: Միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ թեստերում բարձր արդյունքներ էին գրանցել, կարողացել են վստահորեն նշել, որ իրենք մշտապես տեսնում են երազներ: Եվ, ի դեպ, որքան ինտելեկտուալ բարձր զարգացվածություն ունի մարդը, այնքան վառ և գունավոր երազներ է տեսնում:

Այս բացահայտումներում, իրականում, ոչ մի արտասովոր բան չկա, քանի որ երազները համարվում են տեղեկատվության կանոնակարգումը: Երազում ուղեղը վերլուծում է օրվա ընթացքում հավաքված տեղեկատվությունը և գտնում շատ հարցերի պատասխանները: Ուղեղը լուծումներ է տալիս երազում առաջ եկող հարցերին, գտնում է ելք ամենադժվար իրադրություններում, և այդ ժամանակ աշխատում են ուղեղի բոլոր բաժինները:

Եթե մարդն ինտելեկտուալ բարձր զարգացվածություն չունի, չի ձգտում լուծում տալ որևէ խնդրի, նրան ոչինչ չի հետաքրքրում, բացի առօրյա գործերից, ապա համապատասխանաբար նա շատ հազվադեպ է երազներ տեսնում, քանի որ քնած ժամանակ նրա ուղեղը նույնպես քնած է:

Աղբյուրը:   aysor.am
#2109 19--2009
Մեր շատ սիրելի անանուխը (նանա, մյատա)
Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Անանուխը բազմամյա խոտաբույս է: Այս բույսի ցեղի «մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից, որին բուսաշխարհի աստվածուհին` Պերսեֆոնեն դարձրեց անանուխ` Աֆրոդիտեին նվիրելու համար:

Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է՝ 4-6, տերեւներում` 2,4-2,75, իսկ ցողուններում` մինչեւ 0,3 տոկոս: Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրման եղանակով: Իհարկե, բույսի հիմնական մասը ` 41-65 տոկոսը, երկրորդային սպիրտ-մենթոլ է: Այն պարունակում է այլ շատ օգտակար նյութեր եւս` պինեն, լիմոնեն, ցինեոլ եւ այլն:

Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքը, այլ նաեւ նրանից ստացվող եթերայուղերը: Անանուխն անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը, իսկ միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է մարդկանց ուղեղի աշխատանքը: Ավիցենան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, մելամաղձի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում: Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող, թարմացնող միջոց սրտխառնոցի, փսխման ու լուծերի դեպքում (ինչն այժմ եւս մեծ տարածում ունի): Ամիրդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, բերանից վանում է սխտորի, սոխի հոտը, տաքացնում է ստամոքսը, կտրում է ործկալը, բուժում մաշկի դեղնությունը, սպանում է ճիճուներին, կարգավորում է մարսողության խանգարման երեւույթները, դադարեցնում է արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի եւ մեղվի խայթածին:

Բույսը ցրտադիմացկուն է, խոնավասեր ու պահանջկոտ լույսի նկատմամբ, իսկ շոգ եղանակին, պետք է ասել, դրա աճը խիստ դանդաղում է: Ծաղկում է հիմնականում հուլիս-օգոստոս ամիսներին: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի տերեւները: Հումքը հավաքում են ծաղկման սեզոնին, մի քանի ժամ թողնում արեւի տակ, հետո լրիվ չորացնում քամոտ վայրում, այսինքն՝ համեմատաբար հով տեղում: Մշակված հումքը պոլիէթիլենե տոպրակի մեջ պահելը ճիշտ չէ: Պետք է պահել կտորի տոպրակի կամ փայտի արկղիկի մեջ:

Բույսի կաթիլներն ու եփուկը լոգանքի ձեւով օգտագործում են երեխաների ռախիտի, գեղձախտի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումների ժամանակ: Տարբեր ազգերի ժողովրդական բժշկության մեջ ընդունված է այն կարծիքը, որ անանուխն ավելացնում է կերակրող մոր կաթը: Տերեւների թրջոցն օգտագործում են ռեւմատիկ հոդացավերի ժամանակ:

Անանուխի թուրմ պատրաստելու համար վերցնում են 2 ճաշի գդալ մանրացրած անանուխի տերեւներ ու վրան լցնում 1 բաժակ եռջուր` թողնելով մնա 30 րոպե: Հետո կարելի է քամել ու գոլ վիճակում դանդաղ կումերով խմել` օրվա ընթացքում: Այս թուրմը կարելի է օգտագործել կոկորդը եւ բերանի խոռոչը ողողելու, ինչպես նաեւ՝ մաշկի քորը հանգստացնելու նպատակով:

Եփուկը պատրաստելու համար վերցնում են 50 գ հումք եւ եռացնում 1 դույլ ջրում 15 րոպե, որից հետո օգտագործում լոգանքների կամ հոգնայի նպատակով: Այն շատ լավ օգնում է նյարդային լարված պահերին: Անանուխի ծաղկից ստացվում է շատ համեղ մեղր:

Տերեւների փոշուց մի պտղունց կարելի է լցնել լեզվի վրա եւ վրայից գոլ ջուր խմել: Այս միջոցը շատ լավ օգնում է աղեստամոքսային տրակտի ցավերին ու բերանի վատ հոտին:

Անանուխը լայնորեն կիրառվում է նաեւ սննդի մեջ: Այն ավելացնում են կարկանդակին, աղցանին, պանրին, բանջարեղենով եւ մսով պատրաստված ճաշատեսակներին: Անանուխի հյութը կարտոֆիլի հյութի հետ մեկտեղ հիանալի միջոց է ստամոքսի բարձր թթվայնության հետեւանքով առաջացած այրոցի դեմ: Իսկ ահա անանուխի սպիրտային լուծույթի 20 կաթիլը եթե լուծեք 1 բաժակ սառը ջրի մեջ ու խմեք առավոտյան, լավ կթեթեւանաք նախորդ օրվա գինարբուքից հետո:

Նանայով համեմում են շատ ըմպելիքներ եւ սննդատեսակներ: Այն լայն կիրառում ունի նաեւ կոսմետոլոգիայում:

Աղբյուրը:   168.am
#2106 19--2009
ԱՀԿ. Ա ԳՐԻՊԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ԱՌՆՎԱԶՆ 3486 ՄԱՐԴ

Ա գրիպից աշխարհում արդեն մահացել է առնվազն 3486 մարդ, նրանցից 2625-ը  Ամերիկայի բնակիչներ են: Այս մաին նախօրեին հայտնել է Առոջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ);

Մինչդեռ, վտանգավոր վարակի վարակակիրներ են համարվում մոլորակի արդեն 296 հազար բնակիչներ;

Ինչպես հայտնի է դարձել, անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է հիվանդության 281 նոր դեպք` մահացու ելքով:

Աղբյուրը:   panorama.am
#2105 19--2009
ՀԱՅՏՆԻ ՎԻՐԱԲՈՒՅԺԻՆ ԿՇՆՈՐՀՎԻ ԳԱԱ ԿՐԾՔԱՆՇԱՆ

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնի ուռուցքաբան, միջազգային ճանաչում ունեցող գիտնական Արա Դարզիին կշնորհվի ԳԱԱ արտասահմանյան անդամի դիպլոմ և կրծքանշան:

Ինչպես տեղեկացանք ԳԱԱ մամլո ծառայությունից, բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը՝ դեռևս անցյալ ԳԱԱ-ն ընտրել է նրան որպես ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Ա. Դարզին Հայաստանում հայտնի է բժշկության ոլորտում կատարած իր բարեգործություններով: Նա ակտիվորեն զբաղվում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերով: Նա արժանացել է 2004թ. Համդանի մրցանակի, 2002թ.՝ Բարձր ասպետական մրցանակի՝ Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների համար, 2001թ.՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հոբելյանական պարգևի:

Հայտնի ուռուցքաբանը մինչև վերջերս Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարն էր, Լոնդոնի «Արքայական քոլեջ»-ի բժշկագիտության ֆակուլտետի վիրաբուժության բաժնի վարիչն է, առողջապահական նորագույն տեխնոլոգիաների յուրացման կենտրոնի նախագահը, Առողջապահության արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպայի միացյալ առողջապահական խորհրդի հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշկագիտության ակադեմիայի անդամ, 2006թ.-ից՝ Արքայական ինժիներական ակադեմիայի պատվավոր անդամ:

Նշենք, որ նա բժկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների և ութ գրքերի համահեղինակ է:

Աղբյուրը:   panorama.am
#2099 19--2009
Թանկացել է դեղորայքը

Արդեն երեք օր է՝ բոլոր դեղատներում թանկացել են դեղորայքի հիմնական տեսակները։ Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ իրենք դրա համար պատասխանատվություն չեն կրում, իսկ կենտրոնացված կարգով ներկրվող դեղորայքը չի թանկացել։ «Հավանաբար, թանկացումները կապված են դրամի արժեզրկման հետ»,- ասացին ԱՆ-ից։ Նույնը հաստատեցին նաև ներկրողները...

Ասում են նաև, որ դեղերի գների բարձրացումն առաջինն իրականացրել է իշխանությանը մերձ կանգնած օլիգարխներից մեկը, մյուսները հետևել են նրա օրինակին, որ դիմանան մրցակցությանը։

Աղբյուրը:   tert.am

« пред   1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10   след »
       
2009
 
Բաժիններով
Այլ լուրեր
Առողջ սնունդ
Առողջ և գեղեցիկ
Ավանդական բժշկություն
Դեղագործական ոլորտ
Դեպքեր և իրադարձություններ
Դիագնոստիկա և բուժում
Թվեր և փաստեր
Ինֆեկցիաներ
Հայտնագործություններ և բացահայտումներ
Մենք և երեխաները
Ոչ ավանդական բժշկություն
Աղբյուրներով  
panorama.am 50
168.am 39
aysor.am 34
tert.am 22
yerevaklur.am 19
newsarmenia.am 8
azg.am 3
hhpress.am 3
lragir.am 2
medinform.am 2
oratert.com 1
Հայերեն հոդվածները